BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Գնանք Ամերիկա, Մասիս պոռալով գանք, որ մեզ մարդավայել ընդունեն»

«Գնանք Ամերիկա, Մասիս պոռալով գանք, որ մեզ մարդավայել ընդունեն»
16.02.2016 | 01:40

Ժամանակակից հայ գրողի աշխատանքը հետաքրքրո՞ւմ է ընթերցողին: Իհարկե, լավ է օտարագիրներին կարդալը, բայց մեր գրականության լավագույն նմուշներին ծանոթանալու ցանկություն կարծես առանձնապես չկա:
Խնդրի շուրջ զրուցեցինք արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ. «Ես երբեմն կատակով ասում եմ՝ գնանք Ամերիկա, Մասիս պոռալով գանք, որ մեզ մարդավայել ընդունեն: Համաձայնենք, թե ոչ՝ գավառ ենք, յուրայիններին գնահատելու, արժևորելու, ինքներս մեզ լավ բան կամենալու սովորություն չունենք: Մեր աչքը դրսի բերանին է նայում: Էսօր եվրոպական գրականությունից թխողները դասական-դասական ֆռֆռում են: Եվ հետո, էդ ե՞րբ մարդկանց մատուցվեցին մեր գրականության լավագույն նմուշները, որ նրանք էլ չկարդացին»:
Արձակագիրը նշեց նաև, որ ընթերցողները միատարր ու միաշերտ չեն, նրանք պատկանում են տարբեր տարիքային խմբերի, ունեն տարբեր ճաշակներ, տարբեր հոգեկերտվածք, հոգևոր տարբեր պահանջմունք և այլն. «Ժամանակակից հայ գրողները հիմնականում պատկերում են մերօրյա իրականությունը, չունենք ֆանտաստիկ, արկածային ժանրերով գրող գրողներ, սիրային վեպեր, մեր մանկական գրականությունը մինչև երեք տարեկանների համար է՝ փիսիկ, շունիկ և այլն: Դրանից մինչև երիտասարդություն դատարկ է, կարդալու բան չկա, մանկապատանեկան գրականություն չկա: Այսօրվա գրականությունն ինչ-որ տեղ նաև քաղաքականացված է, կենտրոնացած` սոցիալական, քաղաքական, հոգևոր տարածքային խնդիրների վրա: Ընթերցողի պասիվությունը դեպի հայ գրականությունը ես բացատրում եմ հայոց լեզվի և հայ գրականության քարոզչության բացակայությամբ, մյուս կարևոր պատճառը գործերի թեմատիկ սահմանափակություն է, էն մյուս կարևոր պատճառը՝ ճաշակի ու չափանիշի բացակայությունը և այսպես շարունակ: Ոչ ոք չի ասում՝ գիրքը լավն էր, կամ վատը` այսինչ պատճառով: Գրականությունը պրոֆեսիոնալ մակարդակով գրեթե չի ներկայացվում: Չկա մի հեռուստահաղորդում, որ հրավիրված չլինեմ, բայց ոչ մի տեղ խոսք չի եղել իմ գրականության մասին, չի տրվել ոչ մի գործի վերնագիր, և ունկնդրի համար մեկ է` ով է հաղորդման հյուրը: Եթե մարդու գործը չի ներկայացվում, մարդը դառնում է հասարակության համար անհետաքրքիր, որովհետև ինչ էլ խոսի, նրա մասին դատելու են իր գործերով»:
Արձակագիրը հավելեց, որ գրականությունը լուսաբանող լրագրողներ էլ մի կարգին չունենք: Չունենք գրականագետ, որի խոսքից հասկանալի լինի, թե ուր է գնում գրականությունը, ով է գրողը, ի՞նչ պահանջներ է դնում ժամանակը այսօրվա գրականությանը: «Ով ավելի բարձր է գոռում ես, նա էլ այսօրվա դասականն է»,- եզրահանգեց նա:
Նկատեցի, որ իր գործերը բազմիցս թարգմանվել են: «Ամբողջական գրքով, սակայն, երբևէ թարգմանաբար չեմ ներկայացել: Առանձին թարգմանություններով հավանաբար դրսում ամենաշատ հրապարակված հեղինակներից մեկն եմ,- ասաց նա:- Բայց թե ի՞նչ է պետք առանձին գրքով օտար ընթերցողին ներկայանալու համար, ի՞նչ օղակներով է դա արվում՝ չգիտեմ: Այսինքն՝ գիտեմ՝ դեսպանատների մշակույթի բաժինները, մշակույթի նախարարությունը, սփյուռքի նախարարությունը, եթե այդ ուղղությամբ գոնե մի քսան տոկոսով աշխատեն, կատարեն իրենց պարտականությունը… Իսկ այս պահին ամեն ինչ հույժ գաղտնի է: Կարծեմ ասում են էսպես՝ եթե դու դրսում գտնես մի հրատարակչի, ով մեր նախարարություն նամակ գրի, որ քո գործերն ուզում է հրատարակել, գուցե ֆինանսավորեն: Մնում է, որ որևէ գրող ծանոթ լինի արտասահմանյան բոլոր հրատարակիչներին, որոնք ուզեն թե չուզեն՝ պիտի հայերեն կարդալ իմանան… և որ գոնե մի անգամ որևէ նորմալ գրողի ոտք ընկնի արտասահման… նորմալ ասելով` նկատի ունեմ գրողի, ում թիկունքին պետություն կա և ոչ թե գենդերային ծրագիր»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ